Not Selected

ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԸ՝ «ՆՈԱ-2»-Ի ՆԿԱՏՄԱՄԲ

25/04/2024

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 25-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ ընդունեց «Նոա-2»-ին և հաղթանակ տոնեց 4-2 հաշվով։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակներ դարձան Էրիկ Ղուլինյանը, Էմմանուել Դիտուն և Դավիթ Հարությունյանը, հյուրերից աչքի ընկան Գրիգոր Հովհաննիսյանն ու Ալեն Պողոսյանը, Հովհաննես Բալինյանն էլ ինքնագոլ գրանցեց։ 

Հանդիպման մեկնարկում թիմերը բավական ակտիվ էին: 9-րդ րոպեին «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները բարձր պրեսինգ կիրառեցին մրցակցի տուգանայինի մատույցներում: «Նոա-2»-ի պաշտպան Հովհաննես Բելինյանը գնդակն անզգուշորեն ուղարկեց դարպասապահին, որն էլ չկարողացավ կասեցնել այն, և գրանցվեց ինքնագոլ:  Սակայն շատ չանցած հյուրերը հաշիվը հավասարեցրին: Բազմաքայլ կոմբինացիան 15-րդ րոպեին եզրափակեց Ալեն Պողոսյանը: Մի քանի րոպե անց մեր տղաները կարող էին նորից առաջ անցնել հաշվի մեջ, սակայն 19-րդ րոպեին Գագիկ Մելոյանը հարվածեց դարպասապահի վրա, իսկ հաջորդ իսկ գրոհը եզրափակող Դավիթ Ղիասյանի հարվածը մի փոքր շեղ ստացվեց: 37-րդ րոպեին «Ուրարտու-2»-ի փորձը, ի վերջո, պսակվեց հաջողությամբ: Դավիթ Ղիասյանի փոխանցումից հետո մեր թիմին առաջ մղեց Էրիկ Ղուլինյանը:

Երկրորդ կեսի մեկնարկում «Ուրարտու-2»-ը խաղաց նույն ճնշմամբ ու կարողացավ էլ ավելի մեծացնել իր առավելությունը: Գեղեցիկ հարվածով 48-րդ րոպեին մեր թիմից աչքի ընկավ Դավիթ Հարությունյանը: Շատ չանցած հաշիվը դարձավ խոշոր: 52-րդ րոպեին Դավիթ Ղիասյանն օգնեց աչքի ընկնել փոխարինման դուրս եկած Էմմանուել Դիտուին: Մինչև հանդիպման ավարտը մեր թիմը վերահսկում էր գնդակը և դրության տերն էր: Չնայած, որ 85-րդ րոպեին մրցակիցը Գրիգոր Հովհաննիսյանի գոլի շնորհիվ կրճատեց հաշվի տարբերությունը, բայց վստահ հաղթանակը գրանցվեց մեր օգտին`4-2:

Հավելենք, որ հաջորդ տուրի խաղը Կարեն Առաքելյանի գլխավորած թիմը բաց կթողնի։

«ՈՒՐԱՐՏՈՒ-2» - «ՆՈԱ-2» 4-2

1-0 Հովհաննես Բալինյան (9'), 1-1 Ալեն Պողոսյան (19'), 2-1 Էրիկ Ղուլինյան (37'), 3-1 Դավիթ Հարությունյան (48'), 4-1 Էմմանուել Դիտու (52'), 4-2 Գրիգոր Հովհաննիսյան (85')

«ՈՒՐԱՐՏՈՒ-2»․ 92. Ալեքսանդր Միշիև, 80․ Պետրոս Մանուկյան (ա), 15․ Կարեն Դավթյան, 66․ Ալիկ Մկրտչյան, 25․ Դավիթ Ղիասյան, 97․ Արթուր Մելիքյան, 34․ Արթուր Թալասյան, 30․ Էրիկ Ղուլինյան, 47․ Դավիթ Հարությունյան, 87․ Վահե Շափաղաթյան, 16․ Գագիկ Մելոյան։

Պահեստայիններ՝  91․ Հայկ Ղազարյան, 1․ Արսեն Ղամբարյան, 19․ Գևորգ Գրիգորյան, 40․ Խաչատուր Կիրակոսյան, 96․ Գագիկ Պետրոսյան, 27․ Արթուր Պողոսյան, 13․ Արամ Ազարյան, 45․ Էմմանուել Դիտու, 71․ Էրիկ Ասատրյան։