Not Selected

ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂՈՒՄ ՊԱՐՏՎԵՑԻՆՔ «ՓՅՈՒՆԻԿԻՆ»

28/04/2024

IDBank Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում ուժերը չափեց «Փյունիկի» հետ և զիջեց 0-5 հաշվով։ Տանտերերի կազմում գոլերի հեղինակներ դարձան Վագներ Գոնսալվեսը, Միխայիլ Կովալենկոն, Դավիդ Դավիդյանը, Յուսուֆ Օտուբանջոն և Սեմ Հենդրիկսը։ 

ԲԱՑ ԹՈՂԱԾ ԵՐԿՈՒ ԳՈԼ՝ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ

Հանդիպման մեկնարկում թիմերը դեռևս չէին հասցրել հարմարվել արհեստական խոտածածկին, երբ մրցակիցը կարողացավ բացել հաշիվը: 3-րդ րոպեին Վագներ Գոնսալվեսի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ վրա հասած Միխայիլ Կովալենկոն բացեց հաշիվը: Կարճ ժամանակ անց «Փյունիկը» նաև երկրորդ գնդակն անցկացրեց մեր դարպասը: Ուրոշ Ստոյանովիչը անհաջող փոխանցում կատարեց Մելիխովի ուղղությամբ: Վագներ Գոնսալվեսը խլեց գնդակը և առանց խնդիրների 8-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2-0:

ՄԵՐ ԹԻՄԻ ՓՈՐՁԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԿԵՍՈՒՄ ԱՆՀԱՋՈՂ ԷԻՆ. ՀԱՇԻՎԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ 

18-րդ րոպեին «Ուրարտուն» մեկ գնդակ կարողացավ հետ բերել․ խորքից ստացված փոխանցմանն արձագանքեց Ալեքսանդր Դոլգովը և գրավեց դարպասը, բայց մրցավարը նրա գործողություններում խախտում նկատեց և գոլը չեղարկեց: 22-րդ րոպեին Դենիս Գլուշակովը հայտնվեց հարվածային դիրքում, սակայն տուգանային հրապարակում կորցրեց գնդակը, և մրցակիցը դուրս եկավ հակագրոհի: Ջեյմս Սանթոսի հարվածից հետո գերազանց խաղաց Ալեքսանդր Մելիխովը և փրկեց մեր թիմին: Մի քանի րոպե անց սուր անկյունից դարպասը գրավելու հնարավորություն ունեցավ Պերիշա Պեշուկիչը: Մեր պաշտպանի հարվածից հետո «Փյունիկին» փրկեց Ստանիսլավ Բուչնևը: 38-րդ րոպեին մեր թիմը կորցրեց գոլ խփելու ևս մեկ շանս: Աջ եզրից եկած փոխանցումից հետո սուր անկյունից հարված կատարեց Ժիրայր Մարգարյանը, բայց գնդակը բարձր ընթացավ: 42-րդ րոպեին հաշիվը կարող էր դառնալ խոշոր, սակայն նույն Գոնսալվեսի հարվածից հետո գնդակը ևս մեկ անգամ դիպավ դարպասաձողին: Այդպես էլ դարպասի նոր գրավում չարձանագրվեց:

ԵՐԿՐՈՐԴ ԽԱՂԱԿԵՍՈՒՄ ՄԵՐ ԹԻՄԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆՔ ՉՏՎԵՑ

Երկրորդ կեսն անհամեմատ ավելի հանգիստ սկսվեց, վտանգավոր պահերը շատ չէին: Առաջին քիչ թե շատ սուր դրվագը գրանցվեց 60-րդ րոպեին: Խլելով գնդակը ձախ եզրում` Ալեքսանդր Դոլգովը շարժվեց առաջ ու հարվածեց, սակայն գնդակը շեղ ընթացավ: 68-րդ րոպեին ևս մեկ անգամ մրցակցի տուգանային հրապարակում հայտնվեց Պերիշա Պեշուկիչը, սակայն նրա հարվածը չափազանց բարձր ընթացավ: Պահը չիրացնելուց հետո «Ուրարտուն» ստիպված եղավ ևս մեկ անգամ խաղը վերսկսել կենտրոնից: 71-րդ րոպեին Գոնսալվեսի փոխանցումից հետո հաշիվը 3-0 դարձրեց Դավիդ Դավիդյանը: 77-րդ րոպեին գնդակը նաև 4-րդ անգամ հայտնվեց «Ուրարտուի» դարպասում: Արագ հակագրոհը դիպուկ հարվածով եզրափակեց Յուսուֆ Օտուբանջոն: Հանդիպման վերջին րոպեին էլ մրցակիցը կազմակերպեց ևս մեկ արագ հակագրոհ: Աջ եզրից եկած փոխանցումը եզրափակեց Սեմ Հենդրիքսը` ձևակերպեվոլով խաղի վերջնական հաշիվը` 5-0:

ՀԱՋՈՐԴ ԽԱՂԸ

Հավելենք, որ հաջորդ հանդիպումը մեր տղաները կանցկացնեն մայիսի 3-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Շիրակին»։ «Ուրարտու» մարզադաշտում խաղը կմեկնարկի 19։00-ին։ 

«ՓՅՈՒՆԻԿ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 

1-0 Վագներ Գոնսալվես (3'), 2-0 Միխայիլ Կովալենկո (8'), 3-0 Դավիդ Դավիդյան (71'), 4-0 Յուսուֆ Օտուբանջո (77'), 5-0 Սեմ Հենդրիկս (90') 

«ՓՅՈՒՆԻԿ». 71. Ստանիսլավ Բուչնև, 14․ Յուսուֆ Օտուբանջո, 95․ Անտոն Բրատկով, 5․ Ջոյմս Սանթոս, 15․ Միխայիլ Կովալենկո, 23․ Վագներ Գոնսալվես, 4․ Սոլոմոն Ուդո, 2․ Լուկա Յուրիչիչ, 79․ Սերհիյ Վակուլենկո, 10․ Արտակ Գրիգորյան (ա), 6․ Կառլոս Ժամիսոն։

Պահեստայիններ՝  32․ Սերգեյ Միքայելյան, 16․ Հենրի Ավագյան, 18․ Խոսե Էնրիկե Կառաբալյո, 7․ Էդգար Մալաքյան, 9․ Արտակ Դաշյան, 97․ Դավիդ Դավիդյան, 3․ Արման Հովհաննիսյան, 28․ Սեմ Հենդրիկս, 29․ Եվգենի Կոչուկ, 19․ Տարիկ Իսիչ, 8․ Խուան Բրավո, 22․ Լուկաս Վիլլեյա։ 

«ՈՒՐԱՐՏՈՒ». 42. Ալեքսանդր Մելիխով, 20. Պերիշա Պեշուկիչ, 4. Եվհենիի Ցիմբալյուկ, 55. Էրիկ Սիմոնյան, 24. Ուրոշ Ստոյանովիչ, 88. Ժիրայր Մարգարյան (ա), 5. Դրաման Սալու, 21. Անդրեյ Կրավչուկ, 8. Դենիս Գլուշակով, 17. Ալեքսանդր Դոլգով, 22. Միքայել Միրզոյան:

Պահեստայիններ՝ 1. Մխիթար Ումրեյան, 92. Ալեքսանդր Միշիև, 3. Էրիկ Փիլոյան, 6. Արման Ղազարյան, 99. Խարիտոն Այվազյան, 9. Նարեկ Աղասարյան, 12. Լուքման Գիլմոր, 90. Օլեգ Պոլյակով, 11. Գևորգ Տարախչյան, 19. Նիկոլայ Պրուդնիկով, 30. Ալվարո Վելյեզ, 77. Թեմուր Ջիկիա: