Not Selected

«ՈՒՐԱՐՏՈՒՆ» ՀՅՈՒՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ ԶԻՋԵՑԻՆՔ «ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱՅԻՆ»

07/05/2024

IDBank Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Ուրարտուն» հյուրի կարգավիճակում մրցեց «Վեստ Արմենիայի» հետ։ Մեր թիմը մրցակցին այդ խաղում զիջեց նվազագույն հաշվով։ Հանդիպման միակ գոլը հեղինակեց Զախար Տարասենկոն։ 

ԱՌԱՆՑ ԳՈԼԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԿԵՍ

Հանդիպման մեկնարկում մեր թիմն ուներ լուրջ առավելություն և առաջինն էր մոտ հաջողությանը: 10-րդ րոպեին Խարիտոն Այվազյանն աջ եզրով սլացավ առաջ և բարձրից փոխանցեց գնդակը տուգանային հրապարակ: Այնտեղ հերթապահող Գևորգ Տարախչյանն ակրոբատիկ ցատկով փորձեց գրավել դարպասը, բայց հարվածը շեղ ստացվեց: Մերոնք շարունակում էին ճնշել մրցակցին և ստեղծել պահել: 17-րդ րոպեին հաջողությանը դարձյալ մոտ էր Գևորգ Տարախչյանը, բայց այս անգամ էլ նրա հարվածը նպատակին չհասավ:

Մի քանի րոպե անց «Ուրարտուն» դիմեց ստանդարտ դիրքի օգնությանը: 21-րդ րոպեին Օլեգ Պոլյակովի փոխանցումից հետո անկյունայինը գոլով կարող էր ավարտել Արման Ղազարյանը, սակայն գրոհին միացած մեր պաշտպանի հարվածը մի փոքր շեղ ստացվեց: 2 րոպե անց Արման Ղազարյանը հանդես եկավ լավ ասիստենտի դերում: Հենց նա նկատեց Պրուդնիկովի առաջխաղացումն ու գերազանց փոխանցմամբ նրան դուրս բերեց դարպասապահի հետ մեն-մենակ, բայց մեր հարձակվողը չկարողացավ կասեցնել գնդակն ինչպես հարկն է: Մրցակցի միակ քիչ թե շատ վտանգավոր գրոհը եղավ 29-րդ րոպեին: Ստանդարտ դիրքի խաղարկումից հետո գործի մեջ մտավ Ալեքսանդր Միշիևը, որը, ի դեպ, իր նորամուտի խաղն էր անցկացնում մեր թիմի կազմում, և մեծ դժվարությամբ հեռացրեց գնդակը: Առաջին կեսի վերջին վտանգավոր հարվածը կատարեց Գևորգ Տարախչյանը 36-րդ րոպեին: Սակայն, ինչպես և նախորդ դեպքերում, հաջողությունը մրցակցի կողմն էր: Այդպես, դարպասի գրավում առաջին կեսում երկրկագուները չտեսան:

ԲԱՑ ԹՈՂԱԾ ԳՈԼ, ՈՐԸ ՈՐՈՇԻՉ ԴԱՐՁԱՎ

Երկրորդ կեսում համեմատաբար լարված պայքար էր ընթանում: «Ուրարտուն» գրեթե միշտ գրոհում էր, սակայն վտանգավոր պահեր գրեթե չկային: Տարբեր դեպքերում հարվածային դիրքում էին հայտնվում Լեոն Սաբուան, Գևորգ Տարախչյանը և Էրիկ Սիմոնյանը, սակայն նրանց հարվածները չէին ստացվում: Իսկ մրցակիցը այնքան սպասեց իր շանսին, մինչև այն ստացավ: 77-րդ րոպեին Զախար Տարասենկոն շրջանցեց մեր ֆուտբոլիստներին ու հարվածեց: Գնդակը հարվածի ճանապարհին դիպավ Էրիկ Սիմոնյանի ոտքին ու հայտնվեց Միշիևի դարպասում: Մինչև խաղի ավարտը մեր թիմի փորձերը՝ հաշիվը հավասարեցնելու, անհաջող էին, և արդյունքում, չստացվեց վաստակել գոնե 1 միավոր։

ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԳԱՎԱԹԱՅԻՆ Է

Առաջնության խաղերում մեր ելույթները ժամանակավորապես դադարեցնում ենք, քանի որ առջևում Հայաստանի գավաթի եզրափակիչն է։ 

«Հանրապետական» մարզադաշտում խաղը կկայանա մայիսի 12-ին, մեկնարկը՝ 18։00-ին։ 

«ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ» - «ՈՒՐԱՐՏՈՒ» 1-0

1-0 Զախար Տարասենկո (77')

«ՈՒՐԱՐՏՈՒ». 92. Ալեքսանդր Միշիև, 99․ Խարիտոն Այվազյան, 4. Եվհենիի Ցիմբալյուկ, 55․ Էրիկ Սիմոնյան, 6. Արման Ղազարյան, 24․ Ուրոշ Ստոյանովիչ, 12․ Լուքման Գիլմոր, 90․ Օլեգ Պոլյակով (ա), 11․ Գևորգ Տարախչյան, 19․ Նիկոլայ Պրուդնիկով, 18․ Լեոն Սաբուա։ 

Պահեստայիններ՝  42. Ալեքսանդր Մելիխով, 1. Մխիթար Ումրեյան, 3. Էրիկ Փիլոյան, 20. Պերիշա Պեշուկիչ, 88. Ժիրայր Մարգարյան, 5. Դրաման Սալու, 9. Նարեկ Աղասարյան, 21. Անդրեյ Կրավչուկ, 22. Միքայել Միրզոյան, 10. Կարեն Մելքոնյան, 17. Ալեքսանդր Դոլգով, 30. Ալվարո Վելյեզ։